Կրծքագեղձի քաղցկեղ

Կրծքագեղձի քաղցկեղը վտանգավոր հիվանդություն է, որն ամեն տարի խլում է հազարավոր կյանքեր:
Կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը ամենահաճախն հանդիպող հիվանդությունն է չարորակ ուռուցքների շարքում։ Չնայած, որ քաղցկեղի այս տեսակն ավելի լավ է ուսումնասիրված, քան մյուսները և վաղ փուլերում բուժումը բավականին արդյունավետ է, այնուամենայնիվ, հիվանդների միայն կեսին է հաջողվում հաղթահարել այն:
📌 Կարծիք կա, որ կրծքագեղձի քաղցկեղը հանդիպում է միայն այն կանանց մոտ, ովքեր գենետիկ հակում ունեն: Սա մասամբ ճիշտ է: Իսկապես, կանայք, որոնց անմիջական հարազատները, հատկապես մայրերն ու տատիկները, տառապել են այս հիվանդությամբ, ռիսկի խմբում են գտնվում և պետք է պարբերաբար հետազոտվեն մամոլոգի կողմից:
📌 Թյուր է այն կարծիքը, որ կրծքագեղձի քաղցկեղը բացառապես տարիքի հետ կապված հիվանդություն է, որը չի սպառնում երիտասարդներին: Այն հանդիպում է նույնիսկ մինչև 30 տարեկան կանանց մոտ: Իհարկե, տարիքի հետ մեծանում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Մինչև 40 տարեկան կանանց մոտ ուռուցքի առաջացման հավանականությունը կազմում է 0,5%, 40-60 տարեկանում` 4%, իսկ 60-80 տարեկանում` 7%:
Ահա այն ռիսկի գործոնները, որոնք կարող են նպաստել չարորակ ուռուցքի զարգացմանը՝
❌ հորմոնալ խանգարումներ,
❌ դաշտանի խանգարում,
❌ մաստոպատիա,
❌ ծխախոտից և ալկոհոլից կախվածություն,
❌ ճարպակալում,
❌ հաճախակի սթրեսներ և այլն:
⭕️ Կրծքագեղձի քաղցկեղի փուլերը
Կրծքագեղձի քաղցկեղից մահացության պատճառը առողջության հանդեպ անհետևողականությունն է և կանոնավոր հետազոտվելուց հրաժարվելը: Հետևաբար, շատ դեպքերում քաղցկեղը ախտորոշվում է շատ ուշ, երբ բուժումն արդեն անարդյունավետ է:
📌 Կրծքագեղձի քաղցկեղը զարգանում է աստիճանաբար: Այն ունի 5 փուլ՝ 0-ից (Ca in situ) մինչև IV: Հիվանդության փուլերը կախված են ուռուցքի չափերից, ավշային հանգույցների ներգրավված լինելուց, տարածվածությունից և հեռավոր մետաստազների առկայությունից:
📌 Զրոյական, առաջին և երկրորդ փուլերը համարվում են վաղ, այս փուլերում հաջող բուժման հնարավորությունները բավականին բարձր են: Եթե քաղցկեղը հայտնաբերվել է երրորդ կամ չորրորդ փուլում, ապա բուժման հավանականությունը զգալիորեն նվազում է:
⭕️ Կրծքագեղձի քաղցկեղի ախտանշանները և վաղ դրսևորումները
📍 Քաղցկեղը վաղ փուլերում հաճախ չի դրսևորվում: Սսկայն կան նշաններ, որոնք պետք է անհանգստանալու առիթ հանդւսանան: Այս ախտանշաններից գոնե մեկի առկայությունն անհապաղ բժշկի դիմելու առիթ է․
•կրծքագեղձում անցավ, պինդ գոյացության առկայություն
•կրծքի ձևի փոփոխություն
•կրծքագեղձի մաշկի կնճռոտում
•կրծքագեղձում անհարմարության կամ ցավի զգացողություն
•պտուկի պնդացում կամ այտուցվածություն
•արյունային արտադրություն պտուկից
•թևատակի ավշային հանգույցների մեծացում
⭕️ Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշում
Որքան ավելի վաղ հայտնաբերվի ուռուցքը, այնքան ավելի հաջող կլինի բուժումը: Եթե քաղցկեղը ախտորոշվել է զրոյական կամ առաջին փուլում, ապա լիարժեք վերականգնման հնարավորությունները գերազանցում են 90% -ը: Բայց զարգացման այսպիսի վաղ փուլում ուռուցքը հայտնաբեելու համար հարկավոր է պարբերաբար ստուգումներ և մամոգրաֆիա անցնել:
📌 Մամոգրաֆիան ախտորոշման ամենաարդյունավետ և պարզ մեթոդներից մեկն է:
Կարևոր է ❗️ 40-ից 49 տարեկան բոլոր կանայք պետք է 1-2 տարին մեկ անցնեն մամոգրաֆիա, իսկ 50 տարեկանից հետո՝ ամեն տարի:
40 տարեկանը չբոլորած երիտասարդ կանայք պետք է անցնեն ուլտրաձայնային հետզոտություն ամեն 1-2 տարին մեկ և այցելեն մամոլոգի, նույնիսկ եթե չկան գանգատներ: Սա հատկապես արդիական է այն կանանց համար, ովքեր ընդգրկված են վերը նկարագրված ռիսկային խմբերի մեջ:
⭕️ Կրծքագեղձի քաղցկեղի բուժումը
📌 Վիրահատական բուժում
Կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման դեպքում հնարավոր է իրականացնել օրգան-պահպանողական և վերականգնողական միջամտություններ:
Մեծ չափի ուռուցքի դեպքում կատարվում է մաստեկտոմիա` կրծքագեղձի ամբողջական հեռացում:
Եթե երկրորդ գեղձում քաղցկեղի առաջացման հավանականությունը մեծ է (ժառանգական նախատրամադրվածություն), ապա խորհուրդ է տրվում իրականացնել երկու գեղձերի հեռացում:
📌 Ճառագայթային թերապիա
Հիմնականում, նշանակվում է վիրահատությունից հետո` բժշկական ցուցումներով: Բուժման այս մեթոդի էությունը նորագոյացությունների վրա իոնացնող ճառագայթներով ազդելն է` վիրահատական միջամտության գոտում և ավշային հանգույցներում դեռևս առկա քաղցկեղային բջիջները վերացնելու նպատակով:
📌 Քիմիաթերապիա
Բուժումը ենթադրում է քաղցկեղային բջիջների վրա հատուկ դեղամիջոցներով ազդեցություն, կարող է իրականացվել ինչպես վիրահատությունից առաջ, այնպես էլ հետո: Նախնական քիմիաթերապիան նախատեսված է ուռուցքի չափը նվազեցնելու և ուռուցքի վրա քիմիաթերապիայի ազդեցությունը գնահատելու համար:
📌 Հորմոնաթերապիա
Կիրառում է հորմոն-զգայուն ուռուցքների բուժման համար: Հորմոնալ թերապիայի միջոցով հնարավոր է բուժել և նվազեցնել ռեցիդիվի ռիսկը: Վիրահատման չենթակա ուռուցքների դեպքում բուժման այս մեթոդը թույլ է տալիս վերահսկել վերջինիս աճը: